ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅՈՒՆ
1998-ին Միությունը փլուզման եզրին էր։ Հսկայական գույքի մի մասը, գրեթե անհայտ հանգամանքներում, դարձել էր «անհայտ բացակայող», մասնավորապես անհասկանալի հանգամանքներում օտարվել էին Թումանյան փողոցի հռչակավոր սալոնները, միության և «Մոսկվա» կինոթատրոնի միջև կառուցված և գրեթե ավարտված հրաշալի մասնաշենքը, մայրաքաղաքի բոհեմ օազիսներից «Նկարիչ» սրճարանը, գեղարվեստի կոմբինատը։
Տագնապալի վիճակում էին Ծաղկաձորի և Շորժայի «Նկարիչ» ստեղծագործական հանգստի տները, զի մատնված էին անտերության։ Բարդ էր ՀՆՄ-ի վիճակը։ Բայց եկան նոր մարդիկ և ձևավորվեց նոր թիմ, 1998-ին ընտրված նախագահ Կարեն Աղամյանը փոխնախագահ նշանակեց Կարապետ Փաշյանին, քարտուղարների պատվավոր բեռը դրեց Մարտին Տոնոյանի (1946-2006), Արմեն Սավայանի, Գագիկ Ղազարյանի և Խաչատուր Ազիզյանի ուսերին։ Նրանք կերպարվեստի աշխարհ էին մտել 1970-ականներին, ճաշակել էին խորհրդային շրջանի ստեղծագործական կյանքի վայելքները, դիմակայում էին նոր իրավիճակներում և, ամենակարևորը, որոշակի հարգանք էին վայելում նկարիչների շրջանում։ Սկսվեց ՀՆՄ-ի վերականգնման, առհասարակ նրա գոյակերպի վերաիմաստավորման շրջափուլը, թիմը գործում էր ստեղծագործաբար, թիմը գիտեր իր օրվա և վաղվա անելիքը։ Այսպես, նախ գույքագրվեց միության դեռևս պահպանված գույքը և սեփականացվեց, այսինքն, դարձավ միության լիիրավ սեփականությունը, փլուզման եզրին կանգնած ցուցահանդեսային համալիրն ապամոնտաժվեց, տեղում կառուցվեց նոր և անվտանգ մի համալիր, ցուցահանդեսները հաջորդում էին մեկը մյուսին։ Միաժամանակ չէին դադարում թիրախավորված հարձակումները միության հանդեպ, ի մասնավորի` գլխավոր թիրախը ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանն էր, որին մեղադրում էին երկրային ու երկնային բոլոր մեղքերում, վերագրում էին մտացածին հանցանքներ և բութ մատից ծծած զանցանքներ։ Դեղին մամուլն իր հերթին հանձն էր առել մեկ-երկու կերպարվեստային ահարկու բանսարկուների անհեթեթ դատավճիռների հրապարակայնացումը` ի լուր հայ հանրության և համայն հայության։ Նշյալ դատավճիռները թուղթագրային բնույթի «մահավճիռներ» էին, ուրիշ ոչինչ։ 2008-ի համագումարում «Միությունը օժիտ» վերնագրով մի բորբ ծանակագիր տարածվեց համագումարի մասնակիցների տաղանդաշատ շարքերում։ Հեղինակին գիտեմ, բայց չեմ հիշի «վսեմ» անունը նրա, զի հանդերձյալ աշխարհում է վաղուց։ Միով բանիվ, միությունը գործում էր լիարյուն, հաղթահարվել էին բազում փորձություններ, այնուամենայնիվ, ինչ-որ աներևույթ մի բան սայթաքել-շեղվել էր բնականոն հունից։
ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Վերջին տարիներին ինչ-որ աներևույթ մի բան սայթաքել-շեղվել էր բնականոն հունից, ՀՆՄ շատ անդամների մոտ բազմավաստակ նախագահ Կարեն Աղամյանը իր նախագահության վերջին տարիներին կորցրել էր նախկին վստահությունը։ Հիմնարար փոփոխությունների պահանջը կախված էր օդում և շրջում էր ցուցասրահներում, ալեկոծվում էր Շորժայի ստեղծագործական հանգստի տան համարներում և... լողափում։ Սակայն չխորանանք մանրամասների մեջ, ընդամենը փաստենք. Աղամյանն արեց իր գործը և պետք է լքեր դիրքը` կամավորապես։ 2018-ի համագումարում նրա հանդեպ ձևավորված կայուն անվստահությունը հստակ արտացոլվեց քվեներում, Աղամյանը կորցրեց ավելի քան 300 մշտական ձայն։ Ժամանակն իր պահանջներն էր հրապարակ հանել, այնինչ Աղամյանը ժամանակի լուսանցքում էր։
ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ
Նրանք` վերոնշյալ չորս հրացանակիրները, նոր ժամանակի ծնունդ են և միության գործունեության վերաիմաստավորման ջահակիրները։ Տարիներ առաջ հենց Կարեն Աղամյանը ձևավորեց Հայաստանի նկարիչների միության երիտասարդական մասնաճյուղը։ Մասնաճյուղի (շուրջ 100 անդամ) հրամանատարական կազմը ձևավորվեց ինքնին, Սուրեն Սաֆարյանը (ՀՆՄ ներկա նախագահ), Լևոն Աբրահամյանը (ՀՆՄ փոխնախագահ), Ռոման Բաբախանյանը և Վահագն Գալստյանը (ՀՆՄ քարտուղարներ) ստեղծարար մտահղացումներով ուրվագծում էին միության ապագայի հորինվածքը։ Ի դեպ, նրանք կայացած և ինքնատիպ գեղանկարիչներ են և ՀՆՄ-ն ղեկավարելով կերպարվեստում կայանալու խնդիր չունեն։
Մակընթացության երկրորդ փուլն էր, «Իրատեսին» տված հանրածանոթ հարցազրույցում (թիվ 65, 11-14.10.2019 թ.) նորընտիր նախագահ Սուրեն Սաֆարյանը հանգուցային խնդիրներ մատնանշեց. «Մեզ պետք է նկարիչների միություն` ակտիվ անդամներով, ոչ թե մարդկանցով, որ ուղղակի անդամագրված են», «Նոր թիմի գալով շատ բան է փոխվել միությունում` միջավայրը, տրամադրությունը, կապը հանրության, արվեստասերների հետ», «Նկարիչը հիմա ուղղակի անտեսված է։ Ես միշտ ասում եմ` մի բան է` ազատ նկարիչ, մեկ այլ բան` անտեսված նկարիչ»։ Ակնհայտ է, որ ՀՆՄ-ում հաղթում է թիմային ոգին, և անդարձ անցյալ է մենիշխանությունը։
Այժմ թույլ տամ ինձ մի քանի դիտարկում ներկայացնել Միության պատվարժան անդամներին։ Թիմային ոգու հաղթանակը մայիսմեկյան շքերթ չէ, գործընթաց է, որն այժմ ՀՆՄ քարտուղարության գործունեության տիրույթում է։ Ոգու գաղափարը, թույլ տվեք ասել, որ պարզապես ներշնչանք չէ, զի միությունը ստեղծագործող այրերի և տիկնանց հավաքականություն է, որը ենթակա է ավելի շատ ներհայեցողությանը, քան կանոնակարգին։ Եվ յուրաքանչյուր նկարիչ ինչ-որ տեղ ենթադրում է, որ միության ղեկավար ատյանը, նախագահը, քարտուղարությունը և վարչությունը... պիտի զբաղվեն բացառապես իրենով։ Չզարմանաք, բայց նրանք ինչ-որ տեղ միանգամայն ճիշտ են, զի ամեն հայ նկարիչ արժանի է պատշաճ ուշադրության։ Լուծումը համքարության հայեցակարգի ներդրումն է միության կյանքում։
Փորձեմ զարգացնել առաջարկս։ Քաղաքների զարգացմանը զուգընթաց միջնադարում ի հայտ եկան արհեստագործական համքարությունները, որոնք միավորում էին դարբիններին ու ոսկերիչներին, որմնադիրներին և կառապաններին։ Եվ այլ արհեստների ներկայացուցիչներին։ Յուրաքանչյուր համքարություն ուներ իր զինանշանն ու դրոշը և ներքին կանոնակարգը։ Համքարությանը զինվորագրվածը պարտավոր էր իր արհեստի գաղտնիքներին տիրապետել վարպետորեն, նա իր երկրի և քաղաքի բարեպաշտ քաղաքացին էր. օրինավոր հարկատու էր նա և առաքելական եկեղեցու հետևորդ։ Համքարության անդամի վարքը որոշակիորեն կանոնակարգված էր։ Նա ընտանիքի օրինապաշտ հայր էր և ամուսին կնոջ համար։ Նա խաչհամբույր էր վճարում ոսկեդրամով, աղքատին և ընչազուրկին ողորմություն էր տալիս ի սրտե։ Համաճարակների և քաղաքների պաշտպանության ընթացքում նշյալ համքարություններն առաջնադիրքում էին, իսկույն ևեթ վերածվում էին հակահամաճարակային գումարտակների և աշխարհազորային գնդերի։ Միով բանիվ` արհեստավորական համքարությունները երկրի հոգևոր ու աշխարհիկ դասերի (հայոց հովվապետերի և թագավորների), այլ կերպ ասած` պետականության հիմնասյուներն էին։ Տեղին է նշել, որ համքարությունները մշտապես արժանանում էին աշխարհիկ և հոգևոր վերնադասի ուշադրությանը։
Այսօր, ցավոք, ստեղծագործական միությունները վերածվել են օազիսների, գործում են որպես հասարակական կազմակերպություններ, ինչն ինքնին գերագույն զավեշտ է։
Ի զեն` նման կոչը պիտի դառնա միության անդամների հավատո հանգանակը, սակայն անշուշտ ոչ մարտի դաշտ մեկնելու կամ էլ կառավարության առջև նստացույց կազմակերպելու։ Ի զեն` լիարյուն մասնակցելու ՀՆՄ-ի կյանքին, առաջարկներով, տարաբնույթ ներդրումներով, միով բանիվ չորս հրացանակիրների թիկունքում զորագնդեր կազմելով։
Եվ որպեսզի դույզն-ինչ չթվա, թե ձայնս տաք տեղից է գալիս, տեղեկացնում եմ, որ մոտ օրերս լույս ընծայվելիք «Կերպարվեստ կենտրոն» ամսագիրը «Աբովյան-16» խորագրի ներքո մոտ ժամանակներս լուսաբանելու է միության անդամ արվեստաբանների քերթվածքները` ընդառաջելով Սուրեն Սաֆարյանի ներքոնշյալ մտահոգությանը, որն արծարծվել է «Իրատես» թերթին տված հարցազրույցում.
«-Ամփոփիչ հարց. արվեստաբան-արվեստագետ կապն ինչպե՞ս կարելի է աշխուժացնել։
-Այդ բացը լրացնելու համար մշակութային, արվեստագիտական պարբերականներ են հարկավոր, արվեստաբանների ակտիվությունն է հարկավոր»։
Հնարավո՞ր է 2020-ին կերտել օրենք` ստեղծագործական միությունների մասին։ Այո։ Արդյո՞ք անհնար է ՀՆՄ-ի գործունեության միջազգայնացումը։ Ամենևին։ Կարելի՞ է համոզել հանրապետության կառավարությանը, որ նա վերականգնի պետական գնումների ինստիտուտը։ Կարելի է, եթե գլխի գցենք գործող կառավարությանը, որ սույն ինստիտուտի վերականգնմամբ կշահի երկիրը, կշահեն կերպարվեստի վարպետները, և կառավարությունը հայոց նորագույն պատմության մեջ գոնե մի գունեղ հետք կթողնի։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՅԱԿԱՆ Է, ԻՐԱՎՈՒՆՔԸ` ՍՏՈՐՈԳՅԱԼ
Չորս հրացանակիրները ճերմակ նժույգները սանձած շարժվում են առաջ։ Անելիքները գալիք տարում անհամար են։ Ըստ իս, անհրաժեշտ է ՀՆՄ յուրաքանչյուր անդամի և միության միջև կնքել պայմանագրեր փոխադարձ պարտականությունների և իրավունքների վերաբերյալ։
Անշուշտ, 1-ին պայմանագիրը պետք է կնքվի Հայաստանի նկարիչների միության և նրա վարչության անդամների միջև։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ